mardi 4 janvier 2011

ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶՍ (էջ 2)

13 տարեկանում սիրահարվեցի: Սիրահարվեցի դասընկերուհուս : Անունը Մարիամ էր: Ինքս էլ չգիտեմ, թե այդ տարիքում ի՞նչ տեսա ու ի՞նչ զգացի իր մեջ, որ սիրահարվեցի: Սիրահարվեցի անմոռաց սիրով
Սերս հենց սկզբից անպատասխան մնաց: Չեմ մեղադրում: Մեղավորը ես էի: Կամ, ավելի ճիշտ, անմեղ - մեղավոր էի: Անմեղ էի, որ փողոցային էի դարձել ո´չ իմ կամքով, բայց որ փողոցային էի դարձել՝ արդեն մեղավոր էի: Դասերից փախչում էի, դաս չէի սովորում, գիրք կարդալն ինձանից շատ էր հեռացել: Հեռուստացույցն ինչ է, հեռուստացույց էլ չունեինք, որ գոնե այնտեղից ինչ-որ բան սովորեի, որ գոնե ինքնադաստիարակվեի: Անդաստիարակ մեծացա ու, բնական է, չէի էլ կարող սրտիս մեջ բույն դրածը սիրածս աղջկան բացատրելԲնական էր, որ պետք է մերժվեի: Ինքը մեղավոր չէր, մեղավորը ես էի, անմեղ - մեղավոր էի
Ամեն անգամ իր մերժումը սրտիս ցավ էր տալիս: Ջղայնանալով` ավելի վատ ու  ահավոր բաներ էի անում, մեկի հետ իր խոսելը տեսնելիս կռիվ, ծեծ ու ջարդ էի սարքում: Բայց իրենից քաշվում էի, իր առջեւ խեղճանում էի: Խնդրում էի, որ ինձանից պահանջեր դառնալ այնպիսին, ինչպիսին ինքը կուզեր: Շատ անգամ էլ վատ բաներ դիտավորյալ էի անում, ուզում էի այդ կերպ ցուց տալ, որ հանուն իրեն ամեն ինչ կանեմ, կարող եմ լինել լավն ու սիրելի, միայն թե ինքը ինձանից պահանջեր վատ բաներ չանել
Այն տարիներին չեմ հասկացել, բայց հետագայում շատ եմ մտածել. «Ես դաստիարակող չեմ ունեցել: Ծնողներս էլ չեն ունեցել, որ մեզ փոխանցեին, բա դպրո՞ցը, բա ուսուցիչնե՞րս»: Ատում եմ իրենց: Ատում եմ, որովհետև իրենք ցածրաձայն, ու նաև` բարձրաձայն, մտածում էին. «Եթե բոլորը լավ սովորեն ու դիրեկտոր դառնան, բա ո՞վ պետք է բանվոր լինի»: Սովետական դպրոցի սիստեմն էր այդպիսին, սովետական բարքերն էին այդպիսին: Հենց դպրոցից էին մեզ մաղով անցկացնում ու որոշում թե մեզանից ում պետք է դիրեկտոր մեծացնեն, և ում` բանվոր, ում` բժիշկ կամ ուսուցիչ, ում` չգիտեմ ինչ, ոստիկան կամ հանցագործ (հանցագործներն էլ` որ հետո բանտերում ձրի աշխատող ուժ դառնային)…
Ինձ դպրոցում, չնայած վատ գնահատականներիս ու բազմաթիվ բացականերիս, ոչ մի տարի նույն դասարանում չմնացրին: Ես գիտեմ ինչի: Էն ժամանակ էլ գիտեի ինչի, իրենք էլ չէին թաքցնում: Որ մնացնեին, մեկ տարի ավելի դպրոցում կլինեի:
Երբ 8-րդ դասարանն ավարտեցինք, ինձ ոչ մեկը չհարցրեց` ուզո՞ւմ եմ շարունակել 9-ը, 10-ը, թե՞ ոչՉհարցրեցին, որովհետեւ գիտեին, որ ուզում եմ: Բայց գիտեին նաև, որ սովորելու համար չէի ուզում, այլ` որ ամեն օր իմ սիրած էակի՝ Մարիամի կողքին լինեի: Գործերս տվեցին ձեռքս, ասացին՝ հաջողություն:
Մեր դասարանցիները 9-րդում նստեցին: Հենց առաջին օրը գնացի դպրոց ու իմ դասարանցիների հետ, իմ տեղում նստեցի: Ուսուցիչս պահանջում էր, որ դուրս գայի դասարանից, իսկ ես դուրս չէի գալիս: Անգրագետ ձեռագրովս դիմում գրեցի, որ շրջանային խորհրդի կրթության բաժին տանեմ: Բայց նրանք ինձանից ազատվելու ձեւը գտան: Ուսուցիչս կանչեց ու ասաց. «Մարիամն ասում է, որ եթե Վահագնը շարունակի դպրոց գալ, ինքն է դուս գալու»: Դա իմ սրտով չէր, ինչի՞ս էր պետք դպրոցն առանց Մարիամի: Դուրս եկա, որ ինքը շարունակեր. այդպես իրեն ավելի շատ կկարողանայի տեսնել:
Երկու տարի անցավ: Այդ երկու տարվա մեջ շատ շատ բան կատարվեց: Գործի բերումով` մորս կողքին մի մարդ հայտնվեց: 20 տարի բանտերում նստած, իսկական հանցագործ: Նրանից բոլորը վախենում էին: Հիշում եմ` մի օր ատրճանակը հանել ու մեկի ետեւից կրակելով մի քանի փողոց էր անցել: Նրա մականունը «գիժ» էրՄիլիցիան էլ հետը գլուխ չէր դնում: Մայրս շատ հետո խոստովանեց, որ այդ մարդու ներկայությանը ինքը չէր հակառակվել, քանոի որ նրանից բոլորը վախենում էին, ու այդպիսով մենք պաշպանված էինք: Նաև խոստովանեց, որ սկզբում շանտաժի է ենթարկվել. եթե մերժեր, նա մեզ էր վնաս տալու: Փոքր եղբորս դուր չէր գալիս այդ մարդը, ինձ էլ դուր չէր գալիս: Բայց մի օր ինձ խոստացավ, որ Մարիամին հենց դպրոցն ավարտելու «Վերջին զանգի» օրը կփախցնենք: Ես հավատում էի: Ես համոզված էի, որ ոչ մեկը չէր փորձի իր դեմը կանգնել: Համոզված էի, հավատում էի, ու մեր տան մեջ նրա ներկայությունն ինձ չէր անհանգստացնում: Ողջ մանկությունս ու պատանեկությունս իմ տանից խռոված էի մեծացել. ինձ այդ ժամանակ չէր կարող Մարիամիս ՏԵՐԸ լինելուց բացի ուրիշ բան հետաքրքրել:
83 թվականին իմ դասընկերները 10-րդ դասարանում էին: Այդ ժամանակ ես ու եղբայրս, ով ինձանից 2 տարով էր փոքր, մեր տան մի անկյունում կոշիկներ կարելու արհեստանոց էինք սարքել ու աշխատում էինք: Դպրոցի ավարտական «Վերջին զանգին» հաշված օրեր էին մնացել. սրտատրոփ սպասում էի: Մի օր «Գիժը» հարբած մեր տուն մտավ: Եղբայրս տանն էր, դազգահի մոտ նստած գործ էր անում: «Գժի» հայհոյանքներից ջղայնացած` եղբայրս տեղից բան ասեց, իսկ նա հարձակվեց եղբորս վրա: Բռնել էր եղբորս, ուզում էր խեղդել: Չկարողացանք բաժանել իրարից: Հետո նա ընկավ ինձ վրա, իսկ եղբորս ձեռքին կոշկակարի դանակ կար… արյունոտ: «Գիժը» մահացավ: Իսկ եղբորս` 14 տարեկան եղբորս, 3 տարվա ազատազրկման դատապարտեցին:
Այդ ժամանակ ես կատարվածն ամբողջովին չէի գիտակցում, բայց հետագայում ու մինչև հիմա եղբորս առջև ինձ մեղավոր եմ զգում: Ես փողոցային ընկերներ ունեի, 2 տարով էլ եղբորիցս մեծ էի, ինձ համար ավելի հեշտ կլիներ բանտ նստելը, քան 14 տարեկան անմեղ երեխային, ում փողոցը ընդհանրապես չէր ձգել
«Գիժը» մեռավ, ու Մարիամի հետ կապված իմ հույսն էլ կորավ: Եղբայրս գաղութում հայտնվեց, իսկ ես ու մայրս խայտառակ վիճակում: Նրա կենդանության օրոք, ոչ ոք չէր համարձակվում մեր ետևից խոսել, բամբասել, իսկ նրանից հետո բոլորն էին խոսում: Դա եղավ պատճառը, որ մենք` մայրս ու ես, այդ նույն ամսին ուրիշ թաղամասում նոր տուն տեղափոխվեցինք:
Իմ դասարանցիները դպրոցն ավարտեցին: Հասակակից տղերքը պատրաստվեցին բանակ գնալու: Իսկ ես չէի ուզում բանակ գնալ: Վախենում էի, որ մինչև 2 տարի բանակում ծառայեմ, այդ ընթացքում Մարիամը կամուսնանա, ու իմ հույսը ընդմիշտ կկորչի: Ամեն ինչ արեցի, այն տեսակ բաներ, որ 17 տարեկանի համար անհնարին կթվային: Բանակի համար իմ առողջականը ստուգող հանձնաժողովի անդամների մոտ կարողացա հոգեպես խանգարվածի տպավորություն թողնել: Մեկ-երկու շաբաթ էլ հոգեբուժարանում անցկացրեցի, վերջը բանակից ազատվեցի:
Այդ ընթացքում Մարիամը ուսումը շարունակեց տեխնիկումում: Եվ հենց այդ ժամանակ էլ նրա կյանքում մի տղա հայտնվեց: Նրանք մեկ մեկու, և սիրահարվեցին: Սրտիս ցավից ոռնում էի, բայց ոչինչ անել չէի կարող: Լավ մարդ էր այդ տղան, անունը Արտաշես էր: Մի քանի անգամ գաղտագողի հետապնդել եմ: Մոտեցել, հետը խոսել, կռվել եմ: Եղել են դեպքեր, երբ դանակը գրպանս դրած, հետս էլ իմ նման մի քանիսին եմ վերցրել, որ գնանք Արտաշեսին ծեծենք, խփենք, նույնիսկ սպանեմ, որ սիրածս աղջկան ընդմիշտ չկորցնեմ: Հենց այդպիսի մի օր, ամբողջովին չարացած, Մարիամենց տան մոտերքում դարան մտա: Արտաշեսը եկավ, ելա դեմը, սկսեցինք խոսել: Մեկ խոսքով էինք վիճվում, մեկ` միմյանց քաշքշում: Ուզում էի այնպես անել, որ մարդաշատ այդ փողոցից անցնեինք կողքի բակ, որտեղ մարդ չէր լինում: Արտաշեսն ինձ ասում էր. «Գիտեմ, որ սիրում ես Մարիամին, բայց ինչո՞ւ չես ուզում հասկանալ, որ ձեր միջեւ փոխադարձ ոչինչ չկա, իսկ մեր միջեւ ամեն ինչ փոխադարձ է»: Նա ճիշտ էր ասում, ես դա գիտակցում էի, հասկանում, բայց սիրտս չէր կարողանում համակերպվել, չէի ուզում լսել ու փորձում էի համոզել, որ անցնենք բակի կողմն ու այնտեղ շարունակենք: Գնալով` սկսում էի ինքս ինձ չտիրապետել: Մեկ հանգիստ էի խոսում, մեկ` վիճում բարձրաձայն, քաշքշում:
Հենց այդ քաշքշոցների պահին, իրենց տան կողմից  Մարիամը վազելով ու շատ անհանգստացած եկավ ու թիկունքը Արտաշեսի կողմն արած մեր միջև կանգնեց: Նա երկու ձեռքով բռնել էր իմ օձիքից ու դողդողացող ձեռքերով թափ էր տալիս ինձ: Աղերսող ձայնով խնդրում ու պահանջում էր. «Ինչո՞ւ ինչ հանգիստ չես թողնում, մեր մեջ ոչ մի բան չկա: Խնդրում եմ, աղաչում եմ` ինձ մի խանգարիր, ինձ մի հետապնդիր, հանգիստ թող ինձ, խնդրում եմ…»: Ես ոչինչ չէի պատասխանում: Մարիամի ներկայությունը ինձ քարացրել էր, բերանս ջուր առած, սառած ու խեղճացած աչքերով իրեն էի նայում:
Սիրտս ցավում էր, ուզում էի ճչալ, գոռալ, բարձր ձայնով լացել: Հասկանում էի, որ իրենց հարաբերությունները լուրջ են, ու հենց դրանով էլ կորչում էր այն միակ հույսս, որ մի օր Մարիամը կհավատար, որ ես իրեն իրոք սիրում եմ: Ես իրեն խոստացա, որ էլ չեմ խանգարի: Խոստացա այդ պահին, որ ինքը չանհանգստանա, որ իրեն չցավացնեմ: Իմ ուշքն ու միտքն այդ պահին միայն մի բան էր, որ Մարիամը չնեղվի, չանհանգստանա, ու որքան էլ դժվար էր ինձ համար, իրեն ասացի. «Էլ չեմ անհանգստացնի, քեզ բարի բախտ ու երջանկություն եմ ցանկանում»: Իսկ Արտաշեսի առջեւ պայման դրեցի, սպառնացի նրան, որ եթե հանկարծ ինքը Մարիամին խաբի, դրա համար ինքը շատ կզղջա, անձամբ ինձ պատասխան կտա: Ասացի ու, ցավը սրտիս մեջ, հեռացա գնացի